Էրեբունի վարչական շրջանի թիվ 10/17 ընտրատեղամասում ընտրողների ներկայությամբ հանձնաժողովի անդամները «քվեարկության» են դրել ուտելիքի հարցը. «Քյաբաբ, շաուրմա, պիցցա, ի՞նչ եք ուզում ուտել»,- հայտարարեց հանձնաժողովի նախագահը։ Որոշվեց, որ պատվիրում են շաուրմա՝ առանց սոխ ու կծու։ Ցուցակագրողը՝ հանձնաժողովի քարտուղար Ջուլիետա Պետրոսյանը, բարձրաձայն հայտարարեց՝ «բոլորիդ խոզ եմ գրում»։
Էրեբունի վարչական շրջանում ընտրողները չեն շտապում ընտրատեղամասեր։ Հանձնաժողովի անդամները դրսից եկողներից հետաքրքրվում են, թե ինչ վիճակ է այլ տեղամասերում։ Ժպտում են, երբ իմանում են, որ այլ տեղամասերում նույն վիճակն է։
Թիվ 10/17 ընտրատեղամասի ցուցակներով՝ ընտրելու իրավունք ունի 1810 ընտրող։ Ժամը 12:40-ի դրությամբ ընտրությանը մասնակցել էր նրանցից 176-ը։ Նույն պասիվ վիճակը նաև թիվ 10/16 ընտրատեղամասում է։
Ընտրողն այստեղ ներս մտավ և անհանգիստ հայացքով հանձնաժողովի անդամի էր փնտրում։ Ձեռքին հեռախոս կար, որի միջոցով ստացած հաղորդագրությունը ցույց էր տալիս տարածքում գտնվողներին։
«SMS եմ ստացել, ասում ա՝ իմ ընտրությունը սխալ ա։ Ես նորմալ ընտրել եմ, սխալ չեմ արել»,- անհանգստացած էր կենսաթոշակային տարիքի ընտրողը։ Պարզվեց, որ նա սխալ կոճակ է սեղմել հեռախոսի վրա և հաղորդագրություն ստացել, ինչը կապ չուներ Երևանի ավագանու ընտրությունների հետ։ Դրանից րոպեներ առաջ էլ ընտրողը փնտրում էր «սեպտեմբերի 17»-ի քվեաթերթիկ։ Նրան թվում էր, որ հանձնաժողովի անդամների սեղանին օրերի թվով են քվեաթերթիկները դնում։
Երևանի ավագանու ընտրություններ – 2023
Source: https://hetq.am/hy/article/160116?utm_content=buffer849d8&utm_medium=social&utm_source=twitter.com&utm_campaign=buffer